autism

Աուտիզմ։ Ճամփորդիր առանց սահմանների

Աուտիզմն անկարողություն չէ։ Այն ուղղակի տարբերվելու կարողություն է։

Ահա այսպես է նկարագրում աուտիզմը Ստյուարտ Դունքանը, ով աուտիզմով երեխայի հայր է։

Դուք կզարմանաք, թե որքան հաճելի պահեր կարող եք ապրել, եթե սկսեք ձեր երեխային ընդունել ոչ թե որպես անձ, ով ունի մշտական խնամքի կարիք, այլ անձ ով այնպիսին չէ, ինչպիսին բոլորը, և միգուցե, հենց նա դառնա ձեր անմոռանալի ճամփորդության պատճառը։

Սակայն պետք չէ մոռանալ կարևորի մասին․ աուտիզմ ունեցող երեխայի համար միջավայրի փոփոխությունը, նոր զգացողություններն ու ծանոթությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի ճամպրուկը հավաքելուց առաջ, դուք պետք է նախ և առաջ նախապատրաստեք երեխային, մոտավոր պատկերացում տաք, թե ինչ է սպասվում նրան։ Այդ հարցում ձեզ կարող են օգնել սոցիալական պատմությունները (social story), որտեղ գլխավոր հերոսը հենց ձեր երեխան է, վիրտուալ ճամփորդությունը հենց այն վայրեր, որտեղ պատրաստվում եք գնալ, տեսարժան վայրերի մասին հետաքրքիր պատմությունները և նույնիսկ հյուրանոցի մասին նախնական տվյալները։ Մանրամասն պլանավորումը և կազմակերպումը ձեզ կօգնեն հանգիստը անցկացնել ամբողջ ընտանիքի հետ և պատրաստ լինել բոլոր դժվարություններին։Այս հարցում ձեզ չեն օգնի մասնագետները, բարեկամները և ընկերները, քանի որ միայն դուք գիտեք, թե ինչ է պետք ձեր երեխային օրվա հստակ ժամերին։

Սկսե՛նք սկզբից

Նախապատրաստեք վիզուալ քարտեր յուրաքանչյուր օրվա օրակարգի համար։ Պետք չեն բառեր, երկար-բարակ նախադասություններ։ Օգտագործեք պարզ նկարներ, պիկտոգրամներ, նշաններ։

➤ Եթե ճամփորդելու եք ինքնաթիռով, ապա նախապես կապվեք ավիաընկերության հետ, փորձեք ներկայացնել իրավիճակը և օգտվել արտահերթ նստեցման (boarding) հնարավորությունից։ Եթե դուք մտածում եք, որ հերթի մեջ երկար սպասելը, շրջապատի մարդիկ, աղմուկը կարող են լրացուցիչ սթրեսի պատճառ դառնալ, ապա օգտվեք այս հնարավորությունից։ Շատ ավիաընկերություններ առաջարկում են լրացուցիչ ծառայություններ հատուկ կարիքներով անձանց համար։

➤ Եթե չեք նախատեսում հեռու մեկնել և պլանավորում եք ճամփորդություն մեքենայով, գնացքով կամ ավտոբուսով, ապա ձեզ հետ ունեցեք ականջակալներ, նախընտրելի երգերի ցանկ, սիրելի գրքեր, խաղալիքներ։ Մի խոսքով, այն ամենը, ինչը ձեր երեխային կշեղի երկար ճանապարհից։

Նախապես կապ հաստատեք հյուրանոցի և մոտակա մի քանի ռեստորանների հետ, ճշտեք ճաշացանկը։ Շատ աուտիկ երեխաներ զգայուն են նոր սննդի նկատմամբ։ Եթե ցանկություն ունեք ձեր երեխային նոր ուտելիքներ առաջարկել, ապա արեք դա տանը՝ իր մշտական միջավայրում։ Ճամփորդությունը դրա համար լավագույն տեղը չէ։

➤ Եթե ձեր երեխան սեր ունի թեմատիկ այգիների, լեգո-թանգարանների հանդեպ, ապա անպայման այցելեք մի քանիսը։ Համոզված եղեք, նա դա երկար կհիշի։

Մի՛ փորձեք հասցնել լինել ամեն տեղ։ Հիշեք, դուք մենակ չեք և չափից շատ ինֆորմացիան կարող է բացասաբար ազդել երեխայի վրա։

➤ Համոզված եղեք, որ ձեր երեխան մշտապես կրում է ինֆորմատիվ քարտ, որտեղ նշված են երեխայի անունը, ծնողների տվյալները, հեռախոսահամարներ։ Արտակարգ իրավիճակներում դա հաստատ կօգնի։

➤ Եվ վերջում, նույնիսկ ճամփորդության ընթացքում, մի մոռացեք խրախուսանքի մասին։ Յուրաքանչյուր օրվա վերջում երեխային կարող եք տալ շոկոլադ կամ հնարավորություն 10-15 րոպե դիտել սիրելի մուլտֆիլմը կամ խաղալ սիրելի խաղը՝ դրանով խրախուսելով լավ վարքը։ Համոզված եղեք, որ երեխան հասկացել է, թե ինչի համար է խրախուսվում։ Կտեսնեք, որ յուրաքանչյուր հաջորդ օրը ավելի լավ վարք կդրսևորի։

Սրանք այն հիմնական քայլերն են, որոնք դուք կարող եք նախապես պլանավորել և կառավարել։ Փոքրիկ դժվարությունները նույնիսկ չեն անհանգստացնի և կկարողանաք լիարժեք հանգիստը վայելել։ Հուսանք, որ մոտակա ճամփորդությունը ձեր երեխայի համար կլինի ինֆորմատիվ և հիշարժան։

Բարի՛ ճանապարհ

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով