sensory diet

Ինչպե՞ս կազմակերպել «զգայական դիետա» երեխայի համար

Զգայական համակարգը և դրա արտահայտումը վարքագծում հասկանալուց հետո, անհրաժեշտ է ընտրել ճիշտ մեթոդներ՝ զգայական գործիքներ, երեխային հարմար միջամտություն կառուցելու համար: Զգայական «գործիքների» այս ամբողջությունը հայտնի է նաև որպես «զգայական դիետա»: Դա զգայական ազդակ է, որն առաջանում է օրվա ընթացքում, որպեսզի կարգավորի երեխային և բավարարի նրա զգայական կարիքները: Յուրաքանչյուր զգայական դիետա տարբեր է, քանի որ յուրաքանչյուր երեխա տարբեր է, և աուտիզմով ոչ մի երեխա նման չէ մյուսին: Ձեր երեխայի զգայական դիետան պետք է կառուցել խորհրդակցելով երեխայի էրգոթերապիստի հետ: ​​Էրգոթերապիստները բավականին լայնածավալ դասընթացներ են ստանում զգայական համակարգի վերաբերյալ և կարող են օգնել ձեզ և ձեր երեխային կառավարել զգայական համակարգը: Ստորև երեխայի համար գործողությունների շարքեր են՝ կախված երեխան գերզգայուն է, թե լրացուցիչ զգայական ազդակների կարիք ունի:

Շփման զգայական ազդակներ (խորը ճնշում և հպում)

  • Գրկախառնվել
  • Բարուրել երեխային
  • Թեթև հարվածներ վարժությունների համար նախատեսված գնդակներով կամ բարձերով
  • Մերսումներ անել
  • Կիրառել Ուիլբարգերի պրոտոկոլը
  • Խաղալ սթրես գնդակներով 
  • Որդեգրել շուն կամ կատու
  • Քարեր կամ մետաղադրամներ ձեռքով տեսակավորել պարկերի մեջ
  • Մարմնի յուղերով մերսումներ անել
  • Սանրել կամ խաղալ մազերով

Բերանի զգայական ազդակներ

  • Փչել պղպջակներ
  • Փուչիկ փչել (նույնիսկ կարող եք մրցել)
  • Ծծել կամ փչել ձողիկի միջով
  • Ծամոն ծամել
  • Օգտագործել մանկական ծամելու խաղալիքներով վզնոց
  • Օգտագործել ատամի էլեկտրական խոզանակ բերանի շուրջ և բերանի ներսում
  • Խմել սառը ջուր

Վեստիբուլյար զգայական ազդակներ

  • Ճոճվել
  • Գնդակի վրա նստել և ցատկել (կարող են նաև խաղ խաղալ կամ գնդակի վրա նստելիս վարժություններ կատարել)
  • Պառկել ստամոքսի վրա գնդակին և ձեռքերով տեղաշարժվել (ոտքերը պետք է գետնից վեր լինեն)
  • Պարել 
  • Իջնել և բարձրանալ աստիճաններով

Պրոպրիոցեպտիվ ազդակներ և տեղաշարժում

  • Քայլել բարձերի, վերմակների և ներքնակների վրա
  • Ստեղծել և ավարտել խոչընդոտների վարժություն
  • Թռիչք բատուտի կամ ներքնակի վրա
  • Խմոր գրտնակել
  • Քայլել ձեռքերի վրա՝ ոտքերը վեր պարզած

Լսողական զգայական ազդակներ

  • Երեկոյան հանգիստ երաժշտություն լսել, ինչպիսիք են դասական կամ գործիքային երաժշտությունը
  • Առավոտյան կամ ցերեկային ժամերին լսել ավելի ռիթմիկ երաժշտություն, եթե քնկոտ են թվում

Տեսողական զգայական ազդակներ

  • Երեկոյան մեղմ լույս միացնել և պատրաստվել քնին
  • Երեկոյան օգտագործել հանգստացնող տեսողական խթանները, ինչպիսիք են շարժվող աստղերը առաստաղին
  • Օրվա ընթացքում օգտագործել վառ լուսավորություն` երեխային ակտիվացնելու համար
  • Վիզուալ սենյակները ևս կարող են ներգործել երեխայի վրա։

Հոտառական զգայական ազդակներ

  • Եթերայուղեր (նարդոս, երիցուկ կամ վանիլը հանգստացնում են, իսկ անանուխը և ցիտրուսը ավելի ակտիվ ներգործություն ունեն)

«Ծանր աշխատանքը» համարվում է մեծ զգայական ներածություն` երեխային հանգստացնելու կամ ակտիվացնելու համար: Դիտարկեք նշված տարբերակները՝ 

  • Թողեք երեխան տեղափոխի լվացքի իրերը կամ ծանր իրերի զամբյուղ սենյակից սենյակ
  • Թողեք, որ երեխան օգնի մթերային պայուսակները տուն տանել
  • Թողեք երեխան ծանր իրերը տեղադրի պահարանների կամ սառնարանի մեջ (օրինակ՝ շշեր, տարաներ և այլն):
  • Սրբել սեղանները ուտելուց հետո
  • Տեղաշարժել կահույք (աթոռ) կամ ծանր վերմակ սենյակով (հրել, քաշել կամ բարձրացնել)
  • Խանութում թողեք, որ երեխան հրի գնումների սայլակը

Կան շատ ավելի մեթոդներ երեխայի զգայական դիետայի համար: Կարևոր է նշել, որ այս բոլոր գործողությունները պետք է ուղեկցվեն ծնողի կամ մեծահասակի հսկողությամբ: Սրանք ընդհանուր առաջարկներ են` նախատեսված տնային պայմանների համար, սակայն ավելի լավ է խորհրդակցել երեխայի էրգոթերապիստի հետ` օրվա տարբեր ժամերին երեխայի համար լավագույն մեթոդները գտնելու համար:

Հոդվածի հեղինակ`Անի Բուռնազյան MS, OTR/L

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով