sensory integration

Ին՞չ է զգայական ինտեգրացիան

Զգայական ինտեգրացիայի սահմանումը տրվել է Աննա Ջեն Այրեսի կողմից 1970 թվականին՝ որպես «նյարդաբանական գործընթաց, որը կազմակերպում է սեփական մարմնի և շրջակա միջավայրի ընկալումը և հնարավոր է դարձնում մարմինը արդյունավետ օգտագործել շրջապատող միջավայրում»։ Զգայական ինտեգրացիան մարդու այն ունակությունն է, որի շնորհիվ նա կարողանում է ընկալել տարբեր զգայական ազդակներ, վերամշակել այն, հասկանալ և օգտագործել։ Ըստ Այրեսի զգացողություններն ինֆորմացիա են տալիս մեր մարմնի վիճակի և շրջակա միջավայրի մասին: Ամեն վայրկյան մեր գլխուղեղը ստանում է անթիվ քանակությամբ զգայական ինֆորմացիա և ոչ միայն աչքերի, ականջների միջոցով, այլ ամբողջ մարմնի: Զգայական ինտեգրումը շոշափելիքի, շարժման, հոտի, համի, տեսողության և լսողության զգայարանների միջոցով ինֆորմացիա ստանալու ունակությունն է, որը հնարավորություն է տալիս համադրել այդ ինֆորմացիան ուղեղում առկա ինֆորմացիայի և գիտելիքների հետ։ Զգայական ազդակի նկատմամբ պատասխանները տեղի են ունենում կյանքի շատ վաղ շրջանում, բեղմնավորումից հինգ շաբաթ հետո: Այդ առաջին պատասխաններն ուղղված են շոշափողական ազդակին: Շոշափելիքի, հոտի և շարժման զգացումները կարևոր են նորածնի համար, ով օգտագործում է դրանք խնամողի հետ կապը պահպանելու համար [1]:

Կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում երեխան սկսում է ցույց տալ ուժեղ ներքին մղում` բարձրանալ ձգողականության ուժին հակառակ: Երեխան օգտագործում է շոշափելիքի և մկանահոդային զգայությունները  պարզ առարկաներ բռնելու համար: Շոշափելիքի և տեսողական համակարգերի միջև կապը հետագայում ձևավորում է աչք-ձեռք կոորդինացիան:  Եվ այսպես երեխայի զարգացման ընթացքում փուլ առ փուլ ձևավորվում են նրա կարողությունները և նրա կարողությունները զգայաշարժողական ոլորտում վերջնականապես զարգանում են 3-7 տարեկան հասակում: Սա այն ժամանակաշրջանն է, երբ զգայաշարժողական ֆունկցիաները դառնում են համախմբված [1]:  

Մենք ունենք 7 զգայարան, որոնցից յուրաքանչյուրի շնորհիվ էլ գլխուղեղն արտաքին միջավայրից ստանում է ինֆորմացիա: Այդ զգայարաններն են.

  • Տեսողական
  • Լսողական
  • Համի
  • Հոտի
  • Պրոպրիոցեպտիվ
  • Վեստիբուլյար
  • Շոշափողական կամ տակտիլ ( հպում):

Քանի որ ծնողների մոտ ավելի հաճախ հարցեր են առաջանում վերջին 3 զգայարանների խանգարումների վերաբերյալ ստորև ավելի մանրամասն անդրադառնում եմ դրանց։

Ջին Այրեսը սկսել է հետազոտել երեխաների նյարդային համակարգի զարգացումը դեռ ներարգանդային շրջանում, քանի որ նրա կարծիքով այս շրջանում են սկսում ձևավորվել զգացողությունների ընկալման երեք համակարգերը: Այս երեք համակարգերը նա համարել է բազային, հիմնական զգացողություններ [1]: Այս համակարգերն են հիմք հանդիսանում բոլոր զգայական օրգանների համագործակցության համար։

✅Պրոպրիոցեպտիվ՝ սա մի համակարգ է, որի միջոցով գլխուղեղը մկանների, ջլերի և հոդերի միջոցով ինֆորմացիա է ստանում տարածության մեջ մարմնի դիրքի, քաշի, ճնշման, շարժումների և փոփոխման մասին։ Բոլոր համակարգված շարժումները կախված են պրոպրիոցեպտիայից։ Դրա շնորհիվ է, որ մենք գիտենք որտեղ են գտնվում մեր ձեռքերը տարածության մեջ, երբ մենք դրանք շարժում ենք, նույնիսկ այն դեպքում, երբ մեր աչքերը փակ են [1]:  

✅Վեստիբուլյար համակարգը տեղակայված է ներքին ականջում և ինֆորմացիա է ստանում հավասարակշռության, գրավիտացիայի փոփոխման, տարածության մեջ մարմնի տեղաշարժման մասին․ վեստիբուլյար համակարգի ֆունկցիոնալության խանգարումը բերում է ուշադրության խանգարման, կենտրոնացման կորստի և հիպերակտիվության, մարմնի սխեմայի ընկալման հապաղման, և որպես հետևանք, երեխան երկար ժամանակ կարող է շփոթել  աջն ու ձախը (ինչն իր հերթին հետագայում բերում է ընթերցանության դժվարությունների), աչքերի շարժումների ղեկավարման դժվարությունների։ Այս պատճառով երեխան չի կարողանում «հետևել» ընթերցանությանը, գրավոր աշխատանքների ժամանակ դժվարանում է գրատախտակից արտագրել և այլն։

✅Տակտիլ համակարգը՝ պրոպրիոցեպտիվ, տեսողական և վեստիբուլյար համակարգերի հետ միասին գլխուղեղին տալիս են ինֆորմացիա մարմնի դիրքի, վերջույթների շարժումների մասին։ Այս համակարգից է մեծապես կախված մարդու՝ շրջապատող միջավայրում կողմնորոշվելու կարողությունը։ Տակտիլ համակարգում առանձնացվում են՝  

  • ցավի ռեցեպտորները, որոնք մաշկի ռեցեպտորների հիմնական տեսակն են։ Դրանց անվանում են նաև ազատ նյարդային վերջավորություններ: 
  • Շփման ռեցեպտորները (շոշափող, տակտիլ) ավելի զգայուն են մեղմ ճնշմանը: Սրանք բազմաթիվ բարակ նյարդային վերջույթներ են, որոնք տեղադրված են մաշկի մակերեսին, կամ կպած են մազերի պարկերին: Նրանք արձագանքում են մաշկի ձգմանը կամ դրա վրա մազերի շարժմանը [2]:  
Շոշափողական համակարգի զարգացմանն ուղղված խաղեր

Ստորև շոշափողական (տակտիլ) համակարգի զարգացմանն ուղղված հետաքրքիր խաղեր, որոնք կարող եք կիրառել երեխաների հետ։

Բոլոր նրանք,ովքեր ունեն բակ կարող են օգտագործել այս տարբերակը։ Երեխաները կարող են քայլել նման տարածքում բոբիկ ոտքերով կամ բարակ գուլպաներով:sensory floor

Այս պարկերը կարող եք լցնել այն ամենով, ինչ ունեք տանը՝ կրուպեղեն,ալյուր, ավազ, քարեր, կոճակներ և այլն։ sensory mat

Նմանատիպ արկղը կարող եք լցոնել՝ կրուպեղենով, ալյուրով և մեջը մանր խաղալիքներ պահել, որպեսզի երեխան դրանք գտնի և հանի արկղից։sensory pool

Նմանատիպ պարկ կարող եք պատրաստել ջրով և մանր խաղալիքներ լցնել մեջը կամ կրուպեղեն օրինակ՝ ոսպ կամ կոճակներ։sensory pocket

Քանի որ հիմա համաճարակային իրավիճակից ելնելով՝ բոլորս տանը ունենք բժշկական ձեռնոցներ, առաջարկում եմ դրանք օգտագործել նման տարբերակով` մեջը լցոնել բամբակ, կրուպեղեն, ալյուր կամ աղ։ Այնուհետև տվեք երեխային, որպեսզի սեղմի և խաղա։sensory gloves

Այս տարբերակը երեխաների սիրելիներից է․ կարող եք պատրաստել գուաշներով կամ սննդային ներկերով՝ ավելացնելով մի փոքր ջուր։ Չմոռանաք ամուր փակել և սոսնձել փակվող հատվածը։sensory coloring

Պրոպրիոցեպտիվ համակարգը զարգացնող խաղերը և վարժությունները

Չոչ անել միասին․ հասնել ինչ-որ կետի և հետ գալ նույն ձևով։

Փորձել մեկ ոտքի վրա կանգնել, կատարել վարժություններ, որի ընթացքում պետք է մագլցել, անցնել իրերի վրայով կամ նեղ տարածքներով, բարձրանալ արգելքների վրա, անցնել օձաձև թունելների միջով և այլն։ Կամ խաղալ օրինակ խաղ «Ուղաթիռ»՝ նստել աթոռի վրա, տալ երկար փայտ կամ թեկուզ պլաստիկ շիշ, այնուհետև փայտը կամ շիշը հորիզոնական դիրքով բռնել գլխավերևում, ձեռքերը ձգել դեպի վեր, փայտը/շիշը պտտելով դանդաղ կանգնել ոտքի մատերի վրա, այնուհետև փայտը պտտեցնելով գալ նախնական դիրքին։ Իրականցրեք յոգայի վարժություններ։ Դա ևս նպաստում է այս համակարգի զարգացմանը։ Անպայման կատարեք այնպիսի գործողություններ, որ ձեր երեխան զգա իր մարմինը՝ օրինակ կարող եք խաղալ խաղ բարձերով երեխայի հետ՝ տալով մեկ բարձ երեխային, մյուսը՝ ձեզ, այնուհետև գալիս եք իրար ընդառաջ և բարձերը հարվածում իրար։ Կամ պտտվեք իրար մեջքով և հրեք մեջքով մեկդ մյուսին։ Սրանք ընդամենը մի քանի խաղերի օրինակներ են, որ կարող եք կիրառել տանը։

Վեստիբուլյար համակարգի զարգացման համար խաղեր և վարժություններ`

  • խաղալ սղարանների վրա,
  • ճոճվել գամակների և ճոճանակների վրա,
  • թռչկոտել մեկ կամ երկու ոտքի վրա․ տվյալ դեպքում տանը կարող եք թույլ տալ թռչկոտել բազմոցի կամ գորգի վրա,
  • խաղալ մեծ գնդակներով՝ նստել գնդակի վրա և միաժամանակ նաև ընտրված իրեր նետել՝ օրինակ փոքր գնդակ նետել արկղի մեջ։
  • Կարող եք կատարել մարմնի տարբեր մասերի շարժումներ` օրինակ գլուխը շարժել աջ և ձախ, իջեցնել ներքև և բարձրացնել՝ պարբերաբար փոխելով ուղությունները։
  • Կարող եք քայլել ժապավենի կամ պարանի վրայով և այլն։

Նաև նշեմ, որ պարան թռնել, դահուկ կամ հեծանիվ վարելը ևս զարգացնում է վեստիբուլյար համակարգը։ Կատարեք վարժություններ հավասարակշռության տախտակի վրա` փորձելով կանգնած մնալ տախտակի վրա։ Միշտ հիշեք, որ այս 2 զգայարանները փոխկապակցված են իրար հետ։

Հիշե՛ք՝ մեր զգայական համակարգը նախատեսված է ճանաչելու և հասկանալու համար աշխարհը, որը շրջապատում է մեզ։ Բաց մի թողեք հնարավորությունը զարգացնելու դա և՛ ձեր երեխաների, և՛ ձեզ մոտ։

                       Գրականության ցանկ

  1. Ayres, J. (1974). The development of sensory integrative theory and practice. Dubuque, IA: Kendall Hunt.
  2. Է․Ջ․ Այրես; «Երեխան և զգայական ինտեգրացիան․»; թ․ Յու․ Դարե ; -Մ; Տերեվինֆ; 2009;

Հոդվածի հեղինակ` էրգոթերապիստ Մերի Ավետիսյան

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով